ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ռուսաստանը «կղզիացման» վտանգի առջև

Ռուսաստանը «կղզիացման» վտանգի առջև
09.12.2008 | 00:00

«ՓԱՓՈՒԿ ՈՒԺԻ» ԴՐՍԵՎՈՐՈՒՄ
2008-ի հարուստ քաղաքական իրադարձությունների ու աշխարհաքաղաքական վերադասավորումների շարքը շարունակում է համալրվել նոր զարգացումներով։ Տեղի ունեցավ ևս մեկ կարևոր միջոցառում, որը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ ողջ հետխորհրդային տարածքի համար. դեկտեմբերի 3-ին Բրյուսելում Եվրոպական հանձնաժողովը հաստատեց «Արևելյան գործընկերության» ծրագիրը։
Հիշեցնենք, որ դեռ այս տարվա մայիսին Լեհաստանն ու Շվեդիան հանդես եկան նախաձեռնությամբ` ստեղծել այնպիսի նոր ծրագիր կամ կազմակերպություն, որը համակարգի Եվրամիության հարաբերությունները հետխորհրդային տարածքի մի շարք երկրների հետ։ Սեպտեմբերին Եվրոպական հանձնաժողովում անցան ծրագրերի մանրամասն մշակմանը և կարճ ժամկետում կարողացան այն հասցնել ավարտին։ Այժմ սպասվում է, որ դեկտեմբերի 11-ին «Արևելյան գործընկերության» քաղաքականության ծրագիրը կհաստատվի Եվրամիության ղեկավարների գագաթաժողովում, իսկ 2009-ի գարնանը Պրահայում երկրների նախագահների և կառավարությունների մակարդակով այն կարժանանա գործնական քննարկման, որից հետո, հունիսին, տեղի կունենա հիմնադիր գագաթաժողովը։
Այս ծրագրի համատեքստում առաջարկվող հուշագիրը շատ հետաքրքիր փաստաթուղթ է, որը եվրոպական դիվանագիտության մեջ կամրագրի նոր իրողություններ։ Այն, ըստ էության, կոչված է նախանշելու Արևմուտքի ձգտումների նոր աշխարհաքաղաքական և տնտեսական սահմանները։ Տարբեր տվյալներով` նախագիծը ոչ միայն համաձայնեցված է ԱՄՆ-ի հետ, այլև վայելում է Վաշինգտոնի լուրջ աջակցությունը։ Բնութագրական է նաև այն փաստը, որ «Արևելյան գործընկերության» նախագծի ի հայտ գալը համընկավ Ռուսաստան-Եվրամիություն բանակցություններին` ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման շուրջ, որոնք վերսկսվեցին հարավօսական իրադարձությունների պատճառով առաջացած հակասությունները մասամբ հարթելուց հետո։ Այդ կապակցությամբ Եվրոպական հանձնաժողովի նախագահ ԺՈԶԵ ՄԱՆՈՒԵԼ ԲԱՐՐՈԶՈՆ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց. «Կայունությունն ու բարգավաճումը 21-րդ դարում հնարավոր են միայն տնտեսական զարգացման և երկխոսության, ոչ թե հրթիռների և ուժի ցուցադրման շնորհիվ»։ Բարրոզոն չթաքցրեց, որ «Արևելյան գործընկերության» քաղաքականությունը որդեգրելուն Եվրամիությանը դրդել է ռուս-վրացական պատերազմը, և Եվրամիությունը նպատակ ունի այս նախաձեռնությունը խթանելու միջոցով թույլ չտալ, որ առաջանան բաժանարար գծեր Եվրոպայում։ Ըստ Բարրոզոյի` «Արևելյան գործընկերության» քաղաքականությունը «փափուկ ուժի» դրսևորում է։
Եթե անդրադառնանք առաջարկվող հուշագրի բուն էությանը, ապա այնտեղ նշվում է, որ Եվրամիությունը մտադիր է «Արևելյան գործընկերության» շրջանակներում առաջարկել նոր համաձայնագրեր ասոցիացված անդամության վերաբերյալ, և այդ կարգավիճակին կարող են հավակնել հիշյալ ծրագրի մասնակից պետությունները։ «Ասոցիացված անդամություն առաջարկելով` Եվրամիությունը ցանկանում է ուժեղացնել այն գործընկեր պետությունների ձգտումները, որոնք ցանկանում են և պատրաստ են ստանձնել հեռուն գնացող պարտավորություններ Եվրամիության հետ հարաբերություններում և համապատասխանում են եվրոպական հարևանության քաղաքականության չափորոշիչներին»,- նշված է այդ փաստաթղթում։ Առևտրի և շուկաների ոլորտում «Արևելյան գործընկերության» ծրագիրը նախատեսում է զգալի աջակցության ցուցաբերում ծրագրի մասնակից պետությունների տնտեսական համակարգերի առանձին ոլորտներին։ Ենթադրվում է, որ Եվրամիության ասոցիացված կարգավիճակը ներառելու է ազատ առևտրի գոտիների ստեղծում արևելյան գործընկեր պետությունների և միացյալ Եվրոպայի միջև այն բանից հետո, երբ ծրագրի մասնակից բոլոր երկրները դառնան ԱՀԿ-ի անդամ։ «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում ընդգրկվելու հավակնություն ունեցող հետխորհրդային պետություններից միայն Բելառուսն ու Ադրբեջանը դեռևս ԱՀԿ-ի անդամ չեն։ Միաժամանակ Եվրամիությունը խոստանում է «Արևելյան գործընկերության» ծրագրի անդամ դարձող պետությունների քաղաքացիների համար թուլացնել վիզային ռեժիմը, իսկ Եվրոպական հանձնաժողովն իր հերթին արձանագրում է, որ բոլոր այս փոփոխությունները կրելու են անհատականացված բնույթ։ Այսինքն, կախված են լինելու «Արևելյան գործընկերության» մեջ ընդգրկված պետություններից յուրաքանչյուրում տիրող իրավիճակից և Եվրամիությանն ինտեգրացվելու տվյալ պետության պատրաստակամությունից։ Եվրոպական կողմն ապագա արևելյան գործընկերներին առաջարկում է համագործակցության չորս ուղղություն. առաջինը` ժողովրդավարություն, արդյունավետ կառավարում և կայունություն։ Երկրորդ ուղղությունը տնտեսական ինտեգրացիան է և Եվրամիության հետ քաղաքական մերձեցումը, երրորդը` էներգետիկ անվտանգությունը և չորրորդը` քաղաքացիական հասարակությունների մակարդակում իրականացվող շփումները։ Այս ուղղությունների շրջանակում էլ Եվրոպական հանձնաժողովը նախատեսում է իրականացնել սահմանների ինտեգրացված կառավարման ծրագիր եվրամիության չափանիշներին համապատասխան։ Ճիշտ է, առայժմ պարզ չէ, թե ինչպես է այն իրականացվելու տարածաշրջանային ազգամիջյան հակամարտությունների չկարգավորվածության պայմաններում։ Բայց միանգամայն հավանական է, որ վերջերս տարածվող խոսակցությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում ԼՂՀ-ին հատուկ կարգավիճակի տրամադրման մասին հենց այս նոր քաղաքականության արձագանքն են։
Վերոնշյալ փաստաթղթում առանձին ուշադրության է արժանի էներգետիկ անվտանգության ապահովմանը վերաբերող դրույթը, ուր ամրագրված է, որ Եվրամիությունն իր առջև խնդիր է դնում «Արևելյան գործընկերության» ծրագրի մեջ մտնող պետությունների հետ ստեղծել փոխկապակցված էներգետիկ համակարգ։ Այս համատեքստում Եվրամիությունը կողմ է հանդես գալիս ՈՒկրաինայի և Մոլդովայի միանալուն եվրոպական էներգետիկ խարտիային, ինչպես նաև համապատասխան համաձայնագրերի ստորագրմանը էներգետիկ անվտանգության ոլորտում Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և նույն Մոլդովայի հետ։ Սա նշանակում է, որ եվրոպացիներն այս հետխորհրդային պետություններին առաջարկում են բարեկամություն` ածխաջրածնային պաշարների տրանզիտի համատեքստում, ինչն անչափ կարևոր է Եվրամիության համար։
Բացի այդ, Եվրոպական հանձնաժողովը մտադիր է ապագա արևելյան գործընկերներին առաջարկել ստեղծել ընդհանուր տնտեսական հանրակցություն։ Ըստ հաստատված ծրագրի, այն կարող է գործել Եվրոպական տնտեսական գոտու սկզբունքներով, որը Եվրամիությունը ձևավորել է Նորվեգիայի, Իսլանդիայի և Լիխտենշտայնի հետ, քանի որ այս երկրները Եվրամիության անդամ չեն։ Ապագա «Արևելյան գործընկերության» ձևաչափը մաթեմատիկական արտահայտությամբ ձևակերպված է հետևյալ կերպ` «27+5(6)»։ Փակագծային վեցի ներքո նկատի է առնվում Բելառուսը կամ նրա նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որի հետ Բրյուսելը պատրաստ է բարեկամանալ միայն փակագծերում, քանի դեռ Մինսկն իրական ցանկություն չի դրսևորել արևմտյան ժողովրդավարական արժեքներ որդեգրելու հարցում։ Բելառուսի հետ վերջնական որոշում կընդունվի հաջորդ տարվա գարնանը, իսկ առայժմ Մինսկին առաջարկվում է տեխնիկական օգնություն, ինչն էլ Բելառուսն ընդունել է շնորհակալությամբ և «Արևելյան գործընկերության» ծրագրին անդամակցելու բանակցությունները շարունակելու պատրաստակամությամբ։
Այս ամենում ուշադրության է արժանի հետևյալ հանգամանքը, որ Բրյուսելը ասոցիացված անդամի կարգավիճակ ստանալու հնարավորություն է առաջարկում նախկինում ռուսական ազդեցության տակ գտնվող պետություններին։ Թեպետ որոշ երկրներ, ասենք` ՈՒկրաինան, ցանկանում են ուղղակի Եվրամիության անդամ դառնալ։ Այդ համատեքստում պատահական չէր, որ ուկրաինական արտգործնախարարությունը հայտարարել է, թե «Արևելյան գործընկերության» ծրագրին կաջակցի, եթե այն չառաջարկվի իբրև Եվրամիության անդամության այլընտրանք։ Եվրոպական հանձնաժողովի պատասխանատուներն իրենց հերթին հուսով են, որ 5-6 խորհրդային պետությունները կբավարարվեն ասոցիացված անդամի կարգավիճակով, մանավանդ որ «Արևելյան գործընկերության» ծրագիրը նախատեսում է նաև որոշակի տնտեսական օժանդակություն այդ պետություններին։ Ասենք, 2013-ին այդ օգնությունը կարող է երկու անգամ աճել, իսկ 2020-ին հասնել մինչև 1,5 մլրդ եվրոյի։ Հավանաբար Եվրամիությունում հաշվարկել են, որ դա անհամեմատ էժան է, քան նոր լիիրավ անդամների ընդգրկումը միության կազմ։
Չուշացավ նաև ռուսական արձագանքը։ Մոսկվան, ինչպես և սպասելի էր, այս նախաձեռնությունը գնահատեց իբրև Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցությունը հետխորհրդային տարածքում սահմանափակելու և նույնիսկ ոչնչացնելու փորձ։ Ռուսական փորձագետների գնահատմամբ` Բրյուսելի այս նոր նախաձեռնությունն էապես նվազեցնում է հետխորհրդային պետությունները ռուսական ազդեցության դաշտում ինտեգրացնելու Մոսկվայի շանսերը։ Մանավանդ, եթե եվրոպացիներին հաջողվի իրենց ազդեցության գոտում ընդգրկել նախկին ԽՍՀՄ-ի 6 հանրապետություններին, որոնցից 5-ն այսօր ԱՊՀ-ի անդամ են, ապա ԱՊՀ-ին նոր շունչ հաղորդելու բոլոր փորձերը դատապարտված կլինեն, և Ռուսաստանի բաժանումը նախկին խորհրդային հանրապետություններից կավարտվի վերջնականապես։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտի քաղաքական ինտեգրացիայի կենտրոնի ղեկավար Նիկոլայ Կավեշնիկովի կարծիքով` «Եվրամիությունը նպատակ ունի այնպես վերակառուցել հետխորհրդային որոշ պետությունների քաղաքական, տնտեսական, օրենսդրական համակարգերը, որ նրանք մոտենան Եվրամիության չափանիշերին։ Ըստ այդմ, նախկին ԽՍՀՄ տարածքում կմնա միայն «կղզիացած» Ռուսաստանը»։
Հիշեցնենք, որ «Արևելյան գործընկերության» ծրագրի նախնական տարբերակում ամրագրված էր, որ այս նախագիծը պետք է դիտարկել իբրև լրացում Եվրամիություն-Ռուսաստան հարաբերություններին, որոնք կամրագրվեն ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրով։ Սակայն հետագայում այս դրույթը փոխվեց և ամրագրվեց, որ «Արևելյան գործընկերության» նախագիծը կիրականացվի Ռուսաստան-Եվրամիություն ռազմավարական համագործակցության նախագծին զուգահեռ։ Եվրամիությունում Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովն հայտարարեց, թե Մոսկվան ուշադիր հետևելու է Եվրամիության քաղաքականությանը հետխորհրդային տարածքում, քանի որ «Արևելյան գործընկերության» նախագիծը, անջատելով Ռուսաստանին մյուս խորհրդային երկրներից, փաստորեն, անհնարին է համարում նրա միանալն այդ նախագծին։
Ժամանակը ցույց կտա, թե որքանով ռուսական իշխանությունները ժամանակ, ուժ և միջոցներ կգտնեն իրենց ինտեգրացիոն ծրագրերն իրագործելու համար, եթե, իհարկե, դրանք լինեն հաշվարկված և մյուս հետխորհրդային պետությունների շահերից բխող։ Հակառակ դեպքում այդ ամենը կրկին կվերածվի նախկին ԽՍՀՄ երկրներին «մահակով սպառնալու» քաղաքականության։ Իսկ Եվրամիության «Արևելյան գործընկերության» ծրագիրն առայժմ նույնպես բարի մտադրությունների հռչակագիր է, որի իրագործումը շատ կողմերով կախված է լինելու ծրագրում ընդգրկված պետությունների ցանկություններից կամ ձգտումներից և ոչ միայն եվրոպացիների ցանկությունից կամ հատկացրած միջոցներից։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 3775

Մեկնաբանություններ